10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանն անհանգստացած է քրոջ որդու առողջությամբ: NEWS.am-ի հետ զրույցում Ռիտա Հակբյանը ասաց, որ Արթուրին տեսակցության է գնացել դեկտեմբերի 3-ին եւ նկատել է, որ քրոջ որդին վախենում է մարդկանց հետ նորմալ շփվելուց, նրա հիշողությունը լիովին դեռ չի վերականգնվել եւ պարբերաբար հիշողության կորուստ է մոտը նկատվում:
«Երեխես դեռ չի առողջանում, չգիտեմ, թե ինչ է լինելու: Գնացել էի, իմ աչքով տեսա վիճակը ու շատ անհանգստացած եմ: Խնդրեցի, որ պատմեր, թե ինչ է տեղի ունեցել, ով է իրեն ծեծել, ասաց, որ 4 հոգով են եղել, բայց մյուսների անունները չի ասում, միայն Ջիվանի անունն է տալիս, հենց այդ օրը հիշում ա՝ գնում մտնում է պատի հետեւը, վախից չի խոսում: Բժիշկն էլ ինձ ասաց, որ 99 տոկոսով ապաքինվելուց հետո ծառայության գնալ չի կարողանա, ինքն էլ ահավոր տխրեց: Ասում ա՝ մոք ջան, բոլոր ծրագրերս կիսատ մնացին դրանց երեսից, ես ուզում էի պայմանագրային դառնայի, բա ինչ եմ անելու»,-պատմեց Ռիտա Հակոբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ:
ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարումը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից նոյեմբերի 13-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել է տուժող:



























