«Իսլամական պետության» ահաբեկիչներն Աֆղանստանի արեւելքում տարածքներ են զավթել, հայտնում է բրիտանական The Times-ը:

Պարբերականի տվյալներով ԻՊ շարքերը համալրած մոտավորապես 1600 աֆղաններ, իրենց վերահսկողության տակ են վերցրել Ջելալաբադից (Կաբուլ-Փեշավար մայրուղու վրա տրանսպորտային կարեւոր հանգույց) հարավ գտնվող չորս շրջանների զգալի մասը:

The Times-ը նշում է, որ Աֆղանստանում ԻՊ-ը գործում է այն նույն սցենարով, ինչ Իրաքում ու Սիրիայում . սկզբում զինյալներն աննկատ թափանցում են տարածք, իսկ հետո ամբողջովին զավթում այն: Ականատեսները պատմում են, որ նրանք առանձնահատուկ դաժանությամբ են գործում՝ տանջում ու մահապատժի են ենթարկում մարդկանց, այնպես որ տեղի բնակիչները ստիպված են զանգվածաբար լքել իրենց տները:

ԻՊ հաջողությունը փորձագետները կապում են «Թալիբան» արմատական շարժման ներքին պառակտման, նաեւ արեւմտյան կոալիցիայի զորքերի զգալի մասի՝ Աֆղանստանից հեռանալու հետ: Բրիտանական լրատվամիջոցները չեն բացառում, որ հենց ԻՊ-ին միացած նախկին թալիբներն են պատասխանատու «Թալիբանի» առաջնորդ մոլլա Մանսուրի մահվան համար:

Քաբուլում մի բարձրաստիճան դիվանագետ նշել է, որ միանգամայն հասկանալի պատճառներով Աֆղանստանում ԻՊ-ը շատ ավելի լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի, քան նույն թալիբները: Աֆղանստանի տարածքում նրանց ներկայությունը նաեւ Պենտագոնն է հաստատում: «Մենք ուշադիր հետեւում ենք, որ հասկանանք՝ արդյոք նրանց հայտնվելուց հետո տարածաշրջանում սպառնալիքի բնույթն զգալիորեն կփոխվի»,- հայտնել է The Times-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: