Լիբիայում իշխանության հավակնող երկու ուժերը՝ Տրիպոլիի Համընդհանուր ազգային կոնգրեսն ու միջազգային հանրության կողմից ճանաչված Թոբրուքի կառավարությունը համաձայնություն են ձեռք բերել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ:
Կողմերը «Սկզբունքների հռչակագիր» են ստորագրել: Փաստաթղթի համաձայն, իշխանության երկու կենտրոններն էլ սկսում են նախապատրաստվել համընդհանուր խորհրդարանական ընտրությունների, որոնք պետք է անցկացվեն երկու տարվա ընթացքում:
Նախ 10 անդամից բաղկացած հանձնաժողով է ձեւավորվելու՝ երկու իշխանության 5-ական ներկայացուցիչով: Այն պետք է նախագահ ընտրի, ինչպես նաեւ կողմերից յուրաքանչյուրը պետք է նրա տեղակալ ներկայացնի: Նախագահն ու երկու տեղակալ-ներկայացուցիչները իշխանության ժամանակավոր գերագույն մարմին են կազմելու՝ «նախարարների խորհրդի նախագահություն»:
Կողմերի ներկայացուցիչները նաեւ վերանայելու են երկրի Սահմանադրությունը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Sky News Arabia-ին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից եւ նրա սպանությունից հետո Լիբիայում այդպես էլ միասնական ղեկավարություն չձեւավորվեց: Ներկայում երկրում երկու կառավարություն է գործում. ընտրված եւ միջազգային հանրության կողմից ճանաչվածը՝ Թոբրուքում, եւ իսլամականը՝ Տրիպոլիում:




























