Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ընդգծել է, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է, եւ վստահեցրել է, որ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի  միջազգային մեխանիզմների ճանապարհով ապահովի թերակղզու վերադարձը Ուկրաինային, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Միայն Պուտինի համար է Ղրիմը տարածք, որը պետք է բնակեցվի սիբիրցիներով, որոնք հիմա հրատապ կարգով տեղափոխվում են Ղրիմ։ Կամ էլ այն վերածվի մեծ ռազմաբազայի։ Ինձ համար Ղրիմը ուկրաինական տարածք է, եւ ղրիմցիները ուկրաինացիներ են»,- ասել է նախագահը։

Պորոշենկոյի խոսքով՝ իրենք պետք է անեն հնարավոր ամեն բան Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար, որոնք հիմա ճնշման տակ են գտնվում։

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին հարցին՝ Պորոշենկոն հիշեցրեց, որ վթար է տեղի ունեցել, որը հանգեցրել է բարդացումների։ Դրա հետեւանքով Խերսոնի եւ Նիկոլաեւի մարզերի որոշ շրջաններ անցել են վթարային ռեժիմի։