ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը կարծում է, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին հանրաքվեի ժամանակ «համոզիչ» արդյունք է գրանցել։
«Ոչ բարձր մասնակցություն, սակայն համոզիչ արդյունք՝ հօգուտ նախագահի նախաձեռնած բարեփոխումների»,- գրել է քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանին մոտ այդ երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ է անցնում խաղաղ ճանապարհով՝ առանց դրամատիզմի, «համենայն դեպք այսօրվա դրությամբ (Երեւանում վերջին դեպքերի մասին հիշողությունները դեռ թարմ են)»։
«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք նոր մոդելն ավելի լավ է գործելու։ Մեր բարեկամ ժողովրդին հաջողություն ենք մաղթում»,- գրել է Կոսաչյովը։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:
Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230 է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



























