Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայացած ճանաչել, իսկ քվեարկողների ներկայությունը գերազանցեց ակնկալիքները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուրովը, որը հետեւել է հանրաքվեի ընթացքին։
«Այսինքն՝ հանրաքվեն պետք է կայացած ճանաչել, եւ հարցն ընդունվել է, քանի որ անհրաժեշտ էր հավաքել 25 տոկոսից ոչ պակաս»,- ասել է Չուրովը։ Նա հիշեցրել է, որ քվեարկողների մասնակցության ցուցանիշը գերազանցել է ակնկալիքները։ «Սպասվում էր մոտ 40-45 տոկոս մասնակցություն»,- ասել է ՌԴ ԿԸՀ նախագահը։
Երեք մարզերից երկուսում, որտեղ դիտորդական առաքելություն էին իրականացնում ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչները, ընտրողների ակտիվությունը ցածր է եղել երկրում ընդհանուր ցուցանիշից, նշել է նա։ Մասնավորապես Լոռու մարզում մասնակցել է ընտրողների 46 տոկոսը, Տավուշի մարզում՝ 48 տոկոսը, իսկ Կոտայքի մարզում, որտեղ նույնպես դիտորդություն էր իրականացնում ՌԴ ԿԸՀ-ն, մասնակցությունը կազմել է մոտ 53 տոկոս։
Չուրովի խոսքով՝ Երեւանում իրավիճակն հիմա հանգիստ է։ «Երեւանում իրավիճակը հանգիստ է, բողոքի ցույցեր Հայաստանի ԿԸՀ շրջանում գոնե հիմա չկան»,- ասել է Չուրովը։
Նշենք, որ ՌԴ ԿԸՀ նախագահը Հայաստանի ԿԸՀ հրավերով մասնակցել է հանրաքվեի դիտորդական առաքելությանը։
Հիշեցնենք, որ որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը): Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51 տոկոսը։




























