Այն ընտրատեղամասերում, որտեղ ներկա էին ԱՊՀ դիտորդներ, որեւէ խախտում չի եղել: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նրա խոսքով, դեկտեմբերի 6-ին` հանրաքվեի օրը ԱՊՀ դիտորդական առաքելությունն այցելել է Երեւանի եւ Հայաստանի շրջանների 508 ընտրատեղամաս, հետեւել է քվեարկությանը, ինչպես նաեւ ձայների հաշվարկին: «Հանրաքվեի ընթացքում քվեարկությունն ընթացել է Հայաստանի ընտրական օրենսգրքին համապատասխան: Անհրաժեշտ է նշել ընտրական տեղամասերի հանգիստ աշխատանքը, քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ իրավիճակում եւ կազմակերպված», - նշել է Եվգենի Սլոբոդան:
Արձանագրված բազմաթիվ խախտումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, ձայների գնման վերաբերյալ հարցին ի պատասխան, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծել է. «Այնտեղ, որտեղ ԱՊՀ դիտորներ կային, կային լրագրողներ, նրանք հանգիստ աշխատում էին, հետեւում էին քվեարկության գործընթացին: Ինչ վերաբերում է կաշառքին, առաքելությունը նման տեղեկությունների չի տիրապետում»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի ծեծի հարցին, Եվգենի Սլոբոդան նշել է, որ այդ փաստը ստուգվում է Ոստիկանության կողմից եւ պետք կլինի սպասել: «Բոլոր խախտումներն արձանագրվել են ոստիկանությունում, աշխատանքային հատուկ խումբ է գործում: Ներկայումս ստացված բոլոր տեղեկությունների վերաբերյալ փաստերը ստուգվում են: Դա 2-3 ժամվա գործ չէ, այստեղ անհրաժեշտ է բոլոր մանրամասները պարզել», - ամփոփել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե: Ձայների նախնական հաշվարկի համաձայն, որոնք ազդարարել է Հայաստանի ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, սահմանադրական փոփոխությունների նախագծին «Այո» է ասել 825 851 ընտրող (63,35%), իսկ «Ոչ»` 421 600 (32,35 %):




























