Դեկտեմբերի 6-ին 5/1 ընտրատեղամասում ծեծի ենթարկված՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն բացատրություններ է տվել եւ այսօր էլ կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, քանի որ ծեծի ենթարկվելու հետեւանքով նա վնասվածքներ է ստացել:
«Օրվա ընթացքում երկու կրկնակի քվեարկություն բացահայտեցի, խախտումներ պարզեցի, իսկ քվեաթերթիկները հաշվարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահն առանց մեզ ցույց տալու դրանք գցում էր սեղանին, «Այո»-ի կինը վերցնում էր, իր տրցակի մեջ էր դնում: Հետո երբ ես վերցրի ու տեսա, որ «Այո»-ի տրցակի վրա ոչ քվեարկած քվեաթերթիկներ են, 10-15 վայրկյան հետո մի քանի երիտասարդներ եկան, ինձ քաշքշեցին, մեկը եկավ, խփեց քթիս, արյուն եկավ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հրայր Մանուկյանը՝ նշելով, որ քթին հարված հասցրած մարդուն ներկայացրել են որպես Դավթաշենի գյուղապետ:
Հրայր Մանուկյանը պատմեց, որ տարածքում ոստիկաններ են եղել, որոնք չեն արձագանքել կատարվածին: Երբ ինքը մոտեցել է նրանց, ասել են, որ իրենց պետք է հանձնաժողովի նախագահն ասի, թե ինչ անել:
Որոշ ժամանակ անց ընտրատեղամաս է եկել մի քանի անծանոթ երիտասարդ: Հրայրը, հասկանալով, որ այլ կերպ չի կարող ընտրատեղամասից դուրս գալ, քանի որ հեռախոսը խլել էին ձեռքից, համաձայնել է չմիջամտել ու թույլ տալ ավարտել քվեաթերթիկների հաշվարկը: Նա պատմեց, որ 200 «Ոչ» քվեարկած քվեաթերթիկ դրվել է «Այո»-ի տրցակի վրա: Հրայրը ստորագրել է արձանագրության տակ, որպեսզի հետո կարողանա բողոքարկել այդ տեղամասում հանրաքվեի արդյունքները:
«Հասնելու եմ նրան, որ գլխավոր ընտրակեղծարարները՝ հանձնաժողովի նախագահը, քարտուղարը, հանձանժողովի անդամերը Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժները ստանան»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացեց: «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421 600 ընտրող (32,35 տոկոսը):




























