Կիեւը պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանը 2016 թ. արգելի ուկրաինական պարենամթերքի մատակարարումները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Եթե Ռուսաստանը համապատասխան որոշում ընդունի, ապա ես ցավում եմ, բայց մենք էլ ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ընդ որում Պորոշենկոն շեշտել է, որ Կիեւի ու Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որին դեմ է Մոսկվան, պարտադիր կսկսի գործել հունվարի մեկից: «Եթե ինչ -որ մեկն ուզում էր, որ մենք ԱԱԳ համար Մոսկվայից թույլատվությւոն խնդրեինք, ապա նման բան չի լինի: Ես որպես նախագահ թույլ չեմ տա նման բան»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան շանտաժի չի ենթարկվի :
Ինչպես հիշեցնում է «ՌԲԿ»-ն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսին հրաման է ստորագրել այն երկրների ցանկն ընդլայնելու մասին, որոնց նկատմամբ հակապատժամիջոցներ են ձեռնարկվում: Դրանց շարքերում «առանձնահատուկ պայմաններով» է Ուկրաինան: Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների վրա էմբարգոն ուժի մեջ կմտնի, եթե Կիեւը կիրառի ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը, որը պետք է ուժի մեջ մտնի 2016 թ. հունվարի 1-ից:




























