Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ «Նոր Հայաստանի» անդամները շուտով տուն կգնան:

«Մի քիչ էլ ցուրտ եղավ, կգնան, հո սաղ ազգը թոքաբորբ չի՞ ընկնի»,- այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ազատամարտիկ է, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հասկացանք՝ կռված մարդ ա, ի՞նչ ա ուզում, ինքը գոնե գիտի՞՝ ինչ ա ուզում: Ինքը նախագահական ա ուզում, ես խորհրդարանական, ինքն էլ ա կռված, հիմա ի՞նչ անենք, թող ուզի, հիմա որ ինքը ուզեց, տվեցի՞ն իրա ուզածը: Եղա՞վ, չեղավ, ես ուզեցի՝ եղավ»:

Ինչ վերաբերում է երեկ կայացած հանրաքվեի արդյունքներին, ինչպես նաեւ ընդդիմադիրների պնդմանը, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «նկարել է այդ թվերը», Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ նման բան չի կարող լինել: «Մուկուչյանն Այվազովսկի՞ն էր: Ինչ թիվ տալիս են, նա հայտարարում է, հո չի՞ հորինում: Ես մեր տարածքում՝ Էջմիածնում գիտեմ, որ շատ արդար է անցել»,- նշեց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:

Ըստ արձանագրություն՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230 է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: