Գյումրիի տնակային թաղամասի բազմիցս կարկատված պատերով տնակներից մեկում Մարիամ Քոչարյանն ապրում է իր 6 անչափահաս երեխաների, մոր եւ ամուսնու հետ: Երկրաշարժից 27 տարի անց Մարիամի ընտանիքը շարունակում է գոյատեւել անմարդկային պայմաններում: Առնետների հետ համակեցությանը երեխաներն արդեն սովորել են. անկողնու մեջ, սեղանի կամ մթերքի վրա  հայտնված առնետները նրանց վաղուց արդեն հանկարծակիի չեն բերում:

«Հիմա  եկեք ցույց տամ, հենց նոր կռիսներն են բերել այս աղբը, նոր ենք մաքրել: Դարձել են  մեր տան մշտական  անդամը, մեզ հետ հավասար իրավունքներ ունեն, ուշադրություններս էնքան լարած ենք քնում, որ հանկարծ էրեխեքի վրա չելնին, չկրծեն, նման դեպքեր եղել են»,-սենյակում թափված աղբը ցույց տալով՝ պատմում է Մարիամ Քոչարյանը:

Առնետներից բացի հիմքից խարխլված խոնավ տնակում «բնակություն են հաստատել» տարբեր միջատներ, որոնց Մարիամի խղճուկ կացարան է բերում մշտական խոնավությունը:

«Տեսնում եք` ինչղ կչռան ջրերը, անձրեւներից պրծանք, հիմա էլ ձմեռը, հալոցը սկսվավ թե չէ, տունը ջրի մեջ կկորի, քիչ է ՝վերեւից կկաթա, գետնի տակից էլ կթրջվի, հնարավոր չէ այստեղ այլեւս ապրել»,-ասում է Մարիամը:

Մոտ 3 տասնամյակ ընտանիքը թիթեղներով անընդհատ կարկատել է տան պատերն ու տանիքը, բայց ժամանակն իր գործն արել է՝ տնակը բառի բուն իմաստով փտած է եւ այլեւս նորոգման ենթակա չէ: Ժանգը ներսից ու դրսից քայքայել է տնակի պատերը: Վառարանը, որը տարին 12 ամիս փոքրիկ սենյակից չեն հանում, ձմռանը չի կարողանում կոտրել տնակի ցուրտը:

Քոչարյանների ընտանիքը, այնուամենայնիվ, իրեն մյուսներից ավելի հաջողակ է համարում, քանի որ արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր: Այնուամենայնիվ, բնակարան գնել նրանց դեռ չի հաջողվում:

«Կորցրել եմ 3 սենյականոց բնակարան, ու հիմա տալիս են 7 մլն դրամ, ես այդ գումարով ի՞նչ պիտի գնեմ, որպեսզի այս բազամազավակ ընտանիքը ապրի, պետք է մի բան էլ վրան ավելացնեմ , շիվարած եմ մնացել ու չգիտեմ` ինչ անել: Ծիծաղելի գումար են տալիս,  ասում են՝ գնացեք տուն առեք , ու՞մ վրա են ծիծաղում , ամոթ է»,-ասում է Մարիամի մայրը՝ տիկին Ռուզաննան:

Այս ձմեռը Քոչարյանները կրկին կանցկացնեն տնակում: Նրանց ծանր առօրյան կթեթեւացնի միայն հաջորդ տարի 27-ամյա մղձավանջից ազատվելու եւ վերջապես սեփական բնակարան տեղափոխվելու հույսը: