Վատիկանը որոշել է առաջին անգամ իր ֆինանսների արտաքին աուդիտ անցկացնել՝ հանձնարարել այն Pricewaterhouse Cooper (Pwc) աուդիտային ընկերությանը:
Վատիկանի տնտեսական հարցերով խորհուրդը նման որոշում կայացնելիս առաջնորդվել է «ֆինանսական կառավարման նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող չափանիշների ներդրումով», այս կապակցությամբ հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, աշխարհի ամենահայտնի աուդիտային ընկերություններից մեկին դիմելը «նոր կարեւոր քայլ է» այս ճանապարհին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Pwc-ն գործելու է Վատիկանի տնտեսական հարցերով քարտուղարության հետ սերտ համագործակցությամբ ու սկսելու է իր գործունեությունը՝ Սուրբ գահի 2015 թ. կոնսոլիդացված բյուջեի ստուգումներից:
Տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ, ավստրալիացի կարդինալ Ջորջ Փելը համարվում է Վատիկանի ֆինանսների թափանցիկությունը բարձրացնելու ջատագովներից մեկը: Այս տարվա հուլիսին, ներկայացնելով Սուրբ գահի բյուջեի մասին տվյալներ, նա շեշտել է, որ 2014 թ. անցումային էր բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվության ձեւակերպմանը, որի բարեփոխումն անցած տարի հաստատել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այսուհետ Վատիկանի բյուջեի մասին տվյալները կպատրաստվեն հանրային ոլորտում ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան: Բայց հավանաբար եւս մի քանի տարի կպահանջվի մինչեւ Սուրբ գահն ամբողջովին կանցնի այդ չափանիշներին:



























