Տարածության մեջ կողմնորոշվելու հարցում տղամարդկան ու կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում, ընդ որում ինչպես գիտնականներն են պարզել, տղամարդկանց մոտ ճիշտ կողմնորոշելու ունակությունը շատ ավելի ուժեղ է:

«Ուղղության զգացումը տղամարդկանց մոտ ավելի արդյունավետ է: Նրանք պարզապես ավելի արագ են կարողանում հասնել նշանակության վայր»,- ասում է պրոֆեսոր, բժշկության դոկտոր Քառլ Փինթցկան:

Նորվեգիայի բնական գիտությունների ու տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի լավ են հաղթահարում տարածական խնդիրները: Բայց թե որքանով է դա սեռական հորմոններով պայմանավորված, պետք է որոշվեր վերոնշյալ հետազոտության ընթացքում, հայտնում է Gazeta-ն:

Մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա որոշվել է, որ տարածության մեջ կողմնորոշվելու ըթնացքում տղամարդիկ ու կանայք գլխուղեղի տարբեր մասեր են գործի դնում (հիպպոկամպը ու ճակատային մասը): Հետազոտողների խոսքով, էվոլյուցիայի ընթացքում այնպես է ստացվել, որ տղամարդկանց ու կանանց ուղեղները տարբեր կերպ են զարգացել, քանի որ նրանց գործունեության տեսակներն են տարբեր եղել՝ տղամարդիկ հիմնականում որսով են զբաղվել, իսկ կանայք՝ հողագործությամբ: Սակայն կանանց տեստոստերոն ներարկելուց հետո պարզվել է, որ նրանք սկսում են հիպպոկամպը նույնքան օգտագործել, որքան սովորաբար տղամարդիկ են օգտագործում: Սա ապացուցում է կողմնորոշման զգացումի կապը նաեւ սեռական հորմոնների հետ:

Մարդու մոտ ուղղության զգացողության կորուստը համարվում է Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններից մեկը: Հետազոտողները հույս ունեն, որ աշխատության արդյունքները կօգնեն գիտնականներին հասկանալ, թե երբ է զարգանում հիվանդությունը ու օգնել նրանց, ում մոտ արդեն ախտորոշվել է այդ հիվանդությունը: