Ջինջեր շեկլիկ կատուն, որը կորել էր ավելի քան ութ տարի առաջ, ԱՄՆ-ում վերամիավորվել է իր տերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է  Associated Press-ը` վկայակոչելով Marin Humane Society օթեւանի մամուլի քարտուղար   Լիզա Բլոկին: 

Բլոկի խոսքով, Ջինջերին գտել են Ռիկ Բենսոնի շնորհիվ, որը մոտ երկու շաբաթ կալիֆորնիական Նովատո քաղաքում գտնվող իր խանութի մոտ  կերակրում էր կատվին:  Ինչ-որ պահի Բենսոնը որոշել է կենդանուն օթեւան տանել` զննման, եւ   Marin Humane Society-ի աշխատակիցները նկատել են, որ Ջինջերը միկրոչիպ ունի: Անձնակազմը կարողացել է կապվել կատվի տերերի` Նենսի եւ Սթիվեն Փեյների հետ: Ջինջերն ու իր տերերն արդեն վերագտել են իրար, գրում է  Gazeta-ն:

Ինչպես նշել է Բլոկը, Ջինջերը Նովատոյում գտնվող տնից փախել է, երբ դեռ ձագ էր:  Marin Humane Society-ի մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ տերերի եւ ութ տարի առաջ կորած ընտանի կենդանու միավորումը օթեւանի համար ռեկորդ է: