Հանրաքվեի ընթացքում կեղծիքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավարի տեղակալ Արմեն Երիցյանը:

«Ես գտնում եմ, որ հանարքվեն անցավ շատ ազնիվ եւ արդար, անաչառ, եւ գտնում եմ, որ յուրաքաչյուրն իր դիրքորոշումը հայտնեց: Այստեղ կեղծիքի մասին խոսք չի կարող լինել»,-ասաց Երիցյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ընտրակեղծիքների վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Եթե նման դեպքեր կան, յուրաքանչյուր փաստով կարող են ստեղծվել նյութեր եւ հարուցվել քրեական գործեր: Դուք տեսաք կային քաղաքներ, որ ոչ-ն էր ավելի, այո-ն ավելի քիչ էր, եթե կեղծում էին, այդտեղ էլ կկեղծեին»: Հանրաքվեի խախատումների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների զեկույցին անդրադառնալով` ասաց, որ դա քաղաքական շահերով է պայմանավորված. «Այդպիսի բան չկա, եթե ինչ-որ մեկը քննադատում է, պետք է ունենա իրավական հիմքեր, որը ես չեմ տեսնում: Եթե կան հիմքեր, թող ներկայացնեն, դրա համար կան իրավապահ մարմիններ: Յուրաքանչյուր հայտարարություն եթե արվում է, հենց դրա համար էլ կան իրավապահ մարմիններ, որ զբաղվեն»:

Երիցյանը հայտարարեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր առջեւ դրված խնդիրները նորմալ կատարել է: