Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու իր որոշումը հիմնավորել է Սարհանադրության պահանջով:

Ըստ օրենքի, այլ պետության քաղաքացիություն ստանալը բավարար հիմք է մարդուն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար: Սահակաշվիլին այս տարվա հուլիսին դարձել է Ուկրաինայի քաղաքացի:

«Ես չէի կարող խախտել Սահմանադրությունը հանուն քաղաքական մանեւրների: Այս երկրում կան օրենքներ, որոնց ես հետեւում եմ»,-ասել է Մարգվելաշվիլին «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում:

Վրաստանի նախագահը նաեւ քննադատել է Սահակաշվիլիին այլ երկրի քաղաքացություն ստանալու համար:
«Երբ դու երկու անգամ Վրաստանի նախագահն էիր, երկու անգամ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը եւ երկրի անունից՝ դուրս էիր բերում Վրաստանի դրոշը, դու պարտավոր էիր հարգել այդ երկրի քաղաքացիությունը»,-ասել է Մարգվելաշվիլին ու հավելել, որ տհաճ է, երբ Վրաստանը համաշխարհային պատմություն է մտնում մի երկիր, որտեղ երկու անգամ նախագահ ընտրված մարդը հրաժարվել է քաղաքացիությունից:

Նշենք, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը Մարգվելաշվիլին հրապարակել է դեկտեմբերի 4-ին: