Բոլորին էլ պարզ էր, որ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնելու էր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

«Մեր երկրի կարգերն իմանալով, չէի էլ կասկածում, որ սահմանադրական փոփոխություններն անցնելու են: ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է, մյուս կուսակցություններն էլ ռեալ ուժ չեն ներկայացնում եւ այս պայմաններում, բնական է, որ ՀՀԿ-ն հաղթելու էր: Բնական է, որ կեղծիքներ միշտ էլ լինում են, բայց որ անունը դնել, որ լեգիտիմ չէին ու այդ բառը դարձնել դրոշակ... Ձեր կարծիքով «ոչ լեգիտիմ» բառով  ընտրությունների արդյունքը չեղարկվելո՞ւ է: Թքած ունեմ այդ բառերի վրա, պետք է պայքարելու մեխանիզմներ գտնել, ոչ թե բառեր խաղարկել»,-ասաց Արշակ Սադոյանը:

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահն առաջարկեց օգտվել վիրտուալ դաշտից եւ ստեղծել վիրտուալ քաղաքական ուժ. «Ժամանակն է, որ մենք փորձենք օգտվել վիրտուալ քաղաքական դաշտից` ստեղծենք վիրտուալ քաղաքական ուժ: Եթե 1300 հոգի ֆեյսբուքյան ընկեր ունենաս ու հնարավորություն լինի քննարկումների, համախմբել նրանց` հնարավոր կլինի ինչ-որ բան փոխելը»:

Արշակ Սադոյանի խոսքով, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նստացույց էր անում եւ պահանջում երկրում համակարգային փոփոխություններ եւ այժմ դուրս են եկել եւ պայքարում են այդ փոփոխությունների դեմ, որն անհասկանալի է:

«Մարդիկ տարիներ շարունակ պնդում էին, որ համակարգային փոփոխություններ են հարկավոր, Րաֆֆի Հովհաննիսյանը տասը տարի առաջ էր բողոքում, ուզում էր համակարգային փոփոխություններ, հիմա էլ դեմ է, ոնց հասկանանք դա: Մարդիկ էլ կան, օրինակ` Պարույր Հայրիկյանը, որ ամբողջ կյանքում երազել են դառնալ թագավոր եւ հիմա առաջարկվում է խորհրդարանական համակարգ ստեղծել, պարզ է, որ սարսափելի դեմ են լինելու: Հարգելի քաղաքական ուժեր, չեք համարձակվում լուրջ պայքար մղել, եթե չեք կարողանում, բա ինչու՞ եք հավաքվում: 2017թ. ընտրություններում նորից նույն իշխանությունն է շարունակվելու, սակայն այսօր լայն հնարավորություն կա, որ նոր ուժեր ձեւավորվեն, օրինակ` Բաղրամյանի տղաները լուրջ քաղաքական ուժ ձեւավորեն եւ պայքարեն: Այսօր մեր քաղաքական դաշտը դարձել է գերշուկայական եւ լուրջ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք անդամավճարներով չի կարելի հավաքել, քաղաքական ուժը հովանավոր պետք է ունենա»,-ասաց նա: