Եթե հանրաքվեի  ընթացքում խախտումներ են թույլ տրվել, մեղավորները պիտի պատժվեն: Այդ մասին դեկտեմբերի  8-ին լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա հիշեցրել է, որ իրավապահ մարմիններն արդեն հետաքննում են ստացված բողոքները:  «Նրանց աշխատանքի արդյունքում կկարողանանք հասկանալ. եթե անհրաժեշտ է կուսակցություններին մեղադրել, որոնց, եթե վստահված անձանց, դարձյալ` ում», - ասել է Սահակյանը: Այն հարցին, թե արդյոք իշխող ՀՀԿ-ն խախտումների հրահանգ է տվել, Սահակյանը պատասխանել է, որ այդ դեպքում չպետք է բացառել նման մտադրությունները նաեւ ընդդիմության մոտ:  «Միայն այդպես նրանք կարող են պահպանել իրենց ընդդիմադիր կեցվածքը, չէ՞ որ նրանց ուրիշ ոչինչ չի մնում անելու: Բողոքները նրանց միակ շանսն են, մտածում են` գուցե մի բան դուրս գա»: