ՀՅԴ-ն անում է ամեն ինչ սփյուռքում հայապահպանության համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, լիբանանահայ Երվանդ Փամբուկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցելու Դաշնակցության 125-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին քսան տարիներին Հայաստանից հեռացածները ցանկանում են արագ ադապտացվել միջավայրին, դառնալ նրանցից մեկը, սովորել նրանց լեզուն, օրենքներն ու արագ մոռանալ Հայաստանը: Բայց Ցեղասպանության հետեւանքով օտար երկրներում հայտնված մարդիկ ամեն ինչ անում էին՝ հայությունը պահպանելու կամ Հայաստան գալու համար»,- ասաց Երվանդ Փամբուկյանը:

ՀՅԴ անդամի խոսքով՝ այսօր Հայաստանից արտագաղթսղ մարդը երբեք չի մտածում Հայաստան վերադառնալու մասին, մինչդեռ 1915թ.-ից օտարության մեջ ապրող մարդիկ եւ նրանց սերունդների մտքում կա Հայաստան վերադառնալու ցանկությունը:

Նշենք, որ այս տարի ՀՅԴ-ն նշում է իր 125-րդ ամյակը: Այս առթիվ ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներում: