Քեմբրիջի դքսուհի Քեթրինն առաջին անգամ կրել է արքայադուստր Դիանայի հայտնի խույրը, տեղեկացնում է  Daily Express-ը: Ուիլյամ արքայազնի կինը այդ զարդարանքով է ներկայացել Բուքինգեմյան պալատում դիվանագիտական ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Եղիսաբեթ  II թագուհին եւ բրիտանական թագավորական ընտանիքի այլ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ երեկոյին   1,5 հազար հյուր է ներկա եղել:

1913-ին ստեղծված «Սիրո հանգույցներ» անունով քեմբրիջյան խույրը  Եղիսաբեթ  II թագուհին ժառանգել էր իր տատիկից` Մարիա թագուհուց:   1981-ին Եղիսաբեթ  II-ն այդ զարդը  հանձնել էր իշխանուհի Դիանային`  որպես արքայազն Չարլզի հետ  ամուսնության նվեր:   Դիանան առաջին անգամ «Սիրո հանգույցները» կրել է 1981-ի նոյեմբերին խորհրդարանի բացման արարողությանը:  Հետագայում իշխանուհին Բրիտանիայում եւ արտասահմանում տարբեր միջոցառումներին բազմիցս ներկայացել է հենց այդ խույրով : Դա նրա ամենահայտնի զարդերից մեկն է:  Չարլզից բաժանվելուց հետո Դիանան խույրը թագուհուն էր վերադարձրել, գրում է  Gazeta-ն:

Քեմբրիջի դքսուհին, ըստ ամենայնի, աշխարհիկ միջոցառմանն է ներկայացել մի զգեստով, որով արդեն հայտնվել էր հանրության առաջ:  Ենթադրվում է, թե խոսքը այն զգեստի մասին է, որով նախկին օրիորդ Միդլթոնը ներկայացել էր  2013-ի դիվանագիտական ընդունելությանը: Շատերը սպասում էին, որ Քեյթը  «Սիրո հանգույցները» կկրի իր հարսանիքի օրը, սակայն այդ օրը նա այլ խույր էր նախընտրել, հիշեցնում է պարբերականը: