Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո քաղաքական ուժերի համար նոր դաշտ է բացվում, սկսվում է վերադասավորումների փուլ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով` քաղաքական դաշտի բոլոր ուժերը պետք է ակտիվորեն պատրաստվեն առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

«Նախկինում նույնպես խորհրդարանական ընտրությունները կարեւորվում էին, քաղաքական ուժերն ակտիվ պայքար էին մղում, սակայն սահմանադրական բարեփոխումերի նախագծի ընդունումից հետո, քաղաքական ուժերի համար նոր դաշտ է բացվում: Հնարավորություն է ստեղծվում ընդդիմության համար հանդես գալ նոր ձեւաչափում եւ այս դաշտում խաղալու եւ ավելի մեծ ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործում»,-նշեց քաղաքագետը:

Մարգարովը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է կոալիցիա ձեւավորել եւ ավելի շատ ձայն ստանալ` հաշվի առնելով բողոքող ընտրազանգվածի առկայությունը:

Ըստ քաղաքագետի, սակայն, հենց ընդդիմության գործն է լինելու մոբիլիզացնել դժգոհ ընտրազանգվածին եւ խորհրդարանական ընտրություններին ստանալ նրանց քվեն:

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն`  63,35 տոկոսը  (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է։

Նոր Սահմանադրությամբ անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգի: