Չնայած տնտեսական դժվարություններին՝ Հայաստանում աշխատավարձերը չեն նվազել, նույնիսկ մի քիչ բարձրացել են: Այս մասին ՀՀ խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
2015թ. սեպտեմբերին հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում էր 185 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտավորապես 380 դոլար): 2014 թ . սեպտեմբերի համեմատ այն աճել է 7.2 տոկոսով, իսկ 12 ամսվա գնաճը կազմել է ընդամենը 4.7 տոկոս:
Հետեւաբար աշխատավարձերը, նույնիսկ դրանցից կենսաթոշակային մուծումները հանելու դեպքում, մի քիչ աճել են: Ընդ որում պետք է նկատել, որ տարածաշրջանի շատ երկրներում դրանք հակառակը՝ նվազել են, հավելել է վարչապետը:



























