Մենք հեռու ենք այն կարծիքից, որ 5-10 տարվա ընթացքում մեր մենթալիտետը, վարքագիծը փոխվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝  պատասխանելով ընտրախախտումների վերաբերյալ լրագրողների հարցերին:

Անդրադառնալով հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությանը՝ Նաղդալյանը նշեց.

«Մենք  ունենք մի իրավիճակ, որ պիտի փորձենք բոլորս արձանագրենք  եւ հստակ պատկերացնենք. դա այն է, որ քայլ առ քայլ ընտրությունները, հանրաքվեն եւ մյուս ընտրական գործընթացները, մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ եւ ավելի օրինական: Դրա համար աշխատանքները երկկողմանի են, մեկը կատարելագործումներն են ընտրական օրենսդրության մեջ,  երկրորդ ուղղությունը մեր փորձն է,  ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների փորձի ավելացումն է»:

Նա պնդեց, թե տարիների ընթացքում այն տարածված խախտումները՝ ընտրատեղամասերում  հոսանքազրկում, քվեատուփերի գողություն, լցոնումներ, վերացել են:  Լրագրողների դիտարկմանը, թե նույնանման խախտումները տեղ են գտել նաեւ դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, թե ԿԸՀ-ում արձանագրված 78 բողոքը, որոնց մեջ ներառված են նաեւ նշված դեպքերը, կուսումնասիրվեն եւ դրանց վերաբերյալ գնահատականները կտրվեն: Ապա  շարունակեց, թե  նման դեպքերը նախկինում մասսայական էին, իսկ  այսօր դրանց էական ազդեցությունը պակասել է:

«Մենք հեռու ենք այն կարծիքից, որ 5-10 տարվա ընթացքում մեր մենթալիտետը, վարքագիծը փոխվել է: Դուք կարող եք ծանոթանալ տարբեր ժողովրդավարական երկրների ժողովրդավարության ամրապնդման անցած ճանապարներին: Նույն Միացյալ նահանգները 50-80 տարի են անցել, երբ նկարագրում էին, թե իրենց պատմության մեջ ինչպիսի դեպքեր են եղել: Կարեւորը այն հանգամանքն է, որ տեսնենք ռեալ առաջադիմություն ունենք, թե՞ չէ: Կարծում եմ, որ մենք ունենք ռեալ առաջադիմություն մեր քաղաքի փողոցներում տեղամասերի դիմաց հանգիստ էր,  առանց խոչընդոտի,  աժիոտաժի, դրամատիզմի,  այս ամենը մենք հաղթահարել ենք»,-վստահեցրեց Նաղդալյանը:

NEWS.am-ի այն դիտարկմանը, թե  մինչեւ հանրաքվեն  իրենք բազմիցս հայտարարում ու վստահեցնում էին, որ  իրենք միջազգային հեղինակության առումով շահագրգռված են, որ հանրաքվեն անցնի առանց խախտումների, սակայն միջազգային կառույցներն էլ արձանագրեցին, որ մտահոգիչ են տեղամասերում արձանագրված խախտումները, Նաղդալյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ,   մենք ունեցել ենք ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, դրանից առաջ ԵԽԽՎ  այստեղ ներկա պատվիրակների պրես սրելիզը, որի վերաբերյալ տվել ենք բացատրություն: ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն չի ունեցել, որովհետեւ դիտորդական առաքելություններ ԵԽԽՎ-ն 90 տոկոսով չի իրականացնում: Միայն խորհրդարանական նախագահական ընտրությունների ժամանակ»:

Հիշեցնենք, որ  Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է.

«Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ:  Նոր սահմանադրությունից բխող կառավարման  համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ:

Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների  թափանցիկ քննություն: Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և ազգային ժողովի կողմից  նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում»: