Հայաստանում օտարերկրյա ներդրումները 2015թ. 3 եռամսյակներում աճել են մոտ 16 տոկոսով։ 2014թ. 3 եռամսյակների հետ համեմատած՝ ներդրումների ծավալն աճել է 17 մլրդ դրամով եւ կազմել 125 մլրդ դրամ։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Պետությունն առաջին հերթին աջակցում է երկարաժամկետ, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Ընդ որում, խոսքը ոչ թե կառավարության վարկերի, այլ հենց մասնավոր ներդրումների մասին է։ Բայց մեծամասամբ դրանք պետք է համարել Կառավարության վարկային արդյունավետ ծրագրերի  արդյունք։

Այսպես՝ նոյեմբերի կեսին Կառավարությունը հավանություն էր տվել նոր գազատուրբինային էլեկտրակայանի կառուցմանը, որի համար իտալական Renco ընկերությունը կներդնի մինչեւ 215 մլն դոլար։ Ընդ որում, այդ նախագծում չկան Կառավարության ֆինանսական երաշխիքներ, իսկ դա նշանակում է, որ պետության պարտքի բեռն առհասարակ չի մեծանա։

Ներդրողներն այդ ծրագրով հետաքրքրվել էին այն բանից հետո, երբ 2014թ. դեկտեմբերին Հայաստանը դեպի Վրաստանի 400 կՎ էլեկտրահաղորդակցման նոր գծի ծրագրի շրջանակներում ստորագրել էր առաջին վարկային համաձայնագիրը, իսկ օգոստոսին Իրանի հետ համաձայնագիր էր ստորագրել դեպի այդ հանրապետություն 400 կՎ էլեկտրահաղորդակցման գծի կառուցման մասին։

Եվս մեկ խոշոր նախագիծ է Հայաստանի հարավում Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը։ 2016թ. այն պետք է սկսի աշխատել, իսկ 2018թ. դուրս բերվի նախագծային հզորության։ Ընդհանուր առմամբ նախագծում կներդրվի մոտ 370 մլն դոլար։ Այն կարող է ապահովել ավելի քան 1500 աշխատատեղ։