«Հայաստան էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը Երեւանում չի կատարում իր 2015-ի ներդրումային ծրագրերը: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա քաղաքապետին ուղղված իր նամակում, մասնավորապես, նշել է.

«2015թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակում (200 մլն) Երեւանի 193 բազմաբնակարան շենքերի 577 մուտքերում նախատեսվել է էլեկտրական լարերի մեկուսացման եւ անվտանգության ապահովման, էլեկտրական արկղների վերակառուցման աշխատանքներ, սակայն ըստ Երեւանի քաղաքապետի խորհրդականի ստորագրությամբ 29.05.2015թ. ինձ հասցեագրված 04/5-26256հ նամակի, ՀԷՑ ՓԲ-ն իր պարտավորությունները չի կատարում:

Արդյունքում, յուրաքանչյուր երկուշաբթի զեկուցվում է այն մասին, որ բազմաբնակարան շենքերում Էլեկտրացանցերի կողմից պլանային անջատումներն առնվազն երկու անգամ գերազանցում են վթարային անջատումներին: Այսինքն շենքերում կրկնակի ավելացել են էլեկտրական սնուցման վթարները, իսկ դիմացը ձմեռ է, էլեկտրասնուցման լարերի վրա բեռնվածությունն անհամեմատ մեծանում է ու շենքերի առանց այդ էլ վնասված էլեկտրական լարերը կհայտնվեն առավել վթարային վիճակում ու բնակարանները կհոսանքազրկվեն:

Նշեմ, որ 2013թ. ընթացքում այդ ծրագրի համար նախատեսվել եւ իրականացվել է 177,8մլն, 2014թ.՝ 174.5 մլն դրամ:

Խնդրում եմ տեղեկացնել, թե քաղաքապետարանի կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հոսանքի վթարային անջատումները կանխելու եւ երեւանցիներին մթի մեջ չթողնելու ուղղությամբ ՀԷՑ ՓԲ-ին իր պարտավորությունները պարտադրելու ուղղությամբ»: