Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թաղեց Եվրամիությունն այն պահին, երբ բացեց իր երկրի սահմանները փախստականների առջեւ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։
Հիմա եվրոպական երկրները գիտակցել են իրենց սխալը, սակայն այն բանից հետո, երբ դարպասները բացվել են, դրանք դժվար է փակել, ընդգծում է հոդվածագիրը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոստովանում է, որ Շենգեն գոտին մասամբ կոմայի մեջ է եւ հավելում է, որ միասնական արժույթը կդադարի գործել, եթե Շենգեն գոտին տապալվի։
Ի վիճակի չլինելով պաշտպանել իրենց սահմանները՝ եվրոպացի առաջնորդները դիմեցին Թուրքիային՝ խնդրելով օգնել վերջ դնել միգրացիոն ճգնաժամին եւ 4 մլն փախստական ընդունել։ Այդուհանդերձ Սիրիայի հակամարտությունն ու թուրքերի խոցած ռուսական օդանավը բարդացնում են ԵՄ-Անկարա համագործակցությունը։
Տնտեսագետ Բեռնարդ Քոննոլիի խոսքով՝ ներկայումս Եվրոպան շարժվում է «ավերիչ ազգայնականության» կողմը։ Ֆրանսիայում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հաղթանակը եւ ԵՄ-ի հետ մերձեցումը կասեցնելու Դանիայի որոշումը հաստատում են դա։ Որոշ պատմաբաններ կատարվածն համեմատում են Հռոմի կործանման հետ, իսկ վերլուծաբան Ջոզեֆ Յաննինգը կանխատեսում է, որ ԵՄ-ն կփլուզվի առաջիկա 10 տարում։




























