ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ ստորագրվել է աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր:
ՀՀ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը:
Ընկերությունը աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանապարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի եւ Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:
Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016 թվականի մարտից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:
Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:
Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից: Եվ որ ամենակարեւորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:
«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, եւ ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարեւոր եւ ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը եւ հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք եւ հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի շուրջ 80 երկրներում իրականացվող ավելի քան 500 ծրագրերում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաեւ մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում եւ հարեւան Վրաստանում:




























