ՀԱՊԿ Ռազմական հանձնաժողովի նիստի մասնակիցները միաձայն պաշտպանել են Սիրիայում ՌԴ գործողությունները եւ դատապարտել են Թուրքիային, որի կործանիչը նոյեմբերի վերջին խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով նիստում ստանձնել է Ռազմական հանձնաժողովի նախագահությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ անդամ երկրների շտաբերի պետերը պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումը եւ Թուրքիայի կողմից դրսեւորած ագրեսիան ստորություն են որակել։ Այլ կերպ մենք դա չենք ուզում գնահատել։ Դա մեջքից հարված էր, ինչպես որակեցին ի սկզբանե Ռուսաստանում»,- ասել է Խաչատուրովը։

Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները պաշտպանել են ՌԴ որոշումները։ «Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում։ ՀԱՊԿ-ն առավել, քան երբեւէ միասնական է։ Մենք կամրապնդվենք։ Բոլոր որոշումները, որոնք այսօր ընդունվել են հանձնաժողովում, խոսում են հօգուտ իմ բառերի»,- ասել է Խաչատուրովը։

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պատմել է, որ նիստի մասնակիցները քննարկել են միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ՀԱՊԿ տարածքի տարբեր շրջաններում ահաբեկչական ձգտումների զարգացումը կանխելու համար։

«Քննարկել ենք նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակը, կարծիքներ ենք փոխանակել հետագա զարգացման  համար։ Հատկապես ուշադրություն ենք դարձրել Սիրիայում մեր ռազմական օդանավի վթարի քննարկմանը, եւ Գլխավոր շտաբերի բոլոր պետերը միաձայն դատապարտել են Թուրքիային եւ պաշտպանել ՌԴ դիրքորոշումը»,- ասել է նա։