Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նամակ է հղել Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտեն: Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված այդ բանաձեւի նախագծում չկա ոչ մի բառ ադրբեջանահայության մասին, թեեւ այն նախ եւ առաջ հենց վերջինիս ճակատագրի մասին է: Նամակի հեղինակները նշում են, որ 1988թ. Հայաստանին միանալու` Լեռնային Ղարաբաղի պետական ատյանների որոշմանն ի պատասխան, բռնություններ ծավալվեցին ոչ միայն եւ ոչ այնքան ղարաբաղահայության, որքան ադրբեջանահայության նկատմամբ: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի տասնյակ այլ փոքր եւ մեծ բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայեր չհասցրեցին անգամ հասկանալ, թե ինչ է կատարվեց, երբ թիրախ դարձան դաժանագույն տանջանքների, հալածանքների, սպանությունների, տեղահանումների` զուտ մեկ պատճառով՝ որ իրենք հայ էին: Եվ եթե ղարաբաղահայության դեպքում որպես «բացատրություն եւ արդարացում»  նման ոճրագործությունների հնչեցվում էին սեպարատիզմ, էքստրեմիզմ բառերը, ապա ադրբեջանահայության դեպքում չկար ոչ մի հիմնավորում, բացի հալածյալների հայ լինելուց:

«Երբ լսեցինք ՄԱԿ-ում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցի լսումների մասին, մի պահ թվաց, թե սառույցը վերջապես տեղից շարժվել է: Որ, ի վերջո, կխոսվի Բաքվի Արմենիքենդի եւ Գյանջայի հայկական թաղամասերի, Ադրբեջանի` տասնյակ եւ հարյուրավոր հայկական բնակավայրերի մասին, որտեղից բնիկ ժողովուրդն ուժով քշվել է ջարդարար խուժանի եւ նրանց հետ ուս-ուսի գործող ոստիկանության ու բանակի ստորաբաժանումների կողմից:  Ահա սրանք են, իրոք, օկուպացված տարածքներ եւ ոչ թե  պատերազմի հետեւանքով ամայացած, անմարդաբնակ դարձած, ավերված մի քանի շրջաններ , որ այս բովանդակ աշխարհում ադրբեջանահայությանը մնացած միակ քիչ թե շատ օրինական հողակտորն էր:

Եվ այսօր առաջ է քաշված այս ողջ անօրենությունները   ՄԱԿ-ի կողմից վավերացվելու հարցը: Դա արդյունք չէ ինչ-ինչ ուժերի խարդավանքների: Եթե նրանց ձեռնարկը այս անգամ եւս հաջողությամբ պսակվի, մենք այլեւս ասելու մեկ բան ունենք: Այս «իրատեսական» քաղաքականության դասերը, որ ավելի քան երկու տասնամյակ մատուցվում են ադրբեջանահայությանը, մեզ պարտադրում են դառնալ գործոն: Այս գործընթացի հեղինակներին եւ հովանավորներին ուզում ենք ասել, որ  ընդունվող փաստաթուղթը լինելու է ավելորդ  եւ անարդյունք: ՄԱԿ-ից պահանջում ենք վերականգնել մեր՝ անօրինաբար տեղահանված ադրբեջանահայերի  բոլոր ոտնահարված իրավունքները  համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության եւ հիմնարար Կոնվենցիաների»,- ասված է Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտեի նամակում: