Իրաքի արտգործնախարարությունը կապ է հաստատել ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների հետ Թուրքիայի նկատմամբ միջազգային դիրքորոշում ընդունելու համար։ Այս մասին Al Sumaria հեռուստաընկերությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ահմադ Ջամալը։

«ԱԳՆ-ն կապ է հաստատել միջազգային հանրության հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների (Չինաստան, Ֆրանսիա, ՌԴ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) եւ որոշ բարեկամ պետությունների հետ Իրաքի ինքնիշխանությունը ոտնահարող Թուրքիայի արարքի նկատմամբ միջազգային դիրքորոշում ընդունելու կապակցությամբ»,- մեջբերում է հեռուստաալիքը Ջամալի խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նաեւ նշել է, որ ԱԳՆ-ն դիմել է Արաբական պետությունների լիգային՝ նախարարների արտահերթ նիստ հրավիրելու համար։

Իրաքի իշխանությունները հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակը քուրդ մարտիկներին աջակցելու պատրվակով մտել էր Իրաքի Նինվեի նահանգ։ Իրաքն ադ գործողությունները որակել էր որպես թշնամական գործողություն, որը չի համաձայնեցվել Իրաքի իշխանությունների հետ։