Դեկտեմբերի 8-ից 10-ը Ժնեւում կայացավ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի 32-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Ժնեւյան կոնվենցիաների անդամ շուրջ 190 երկրների պաշտոնական պատվիրակություններ, Կարմիր խաչի ազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պապատվիրակության ներկայացուցիչ, Ժնեւում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը համաժողովում ունեցած իր ելույթում շեշտեց, որ միջազգային հանրության կողմից առաջին անգամ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, այդ կապակցությամբ ընդգծելով այն կարեւոր հումանիտար առաքելությունը, որ տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի ազգային ընկերությունները, կամավորներն իրականացնել են մարդկության դեմ գործված ոճիրների, այդ թվում՝ եւ Հայոց Ցեղասպանության դժնի օրերին:
Ելույթում անդրադարձ կատարվեց նաեւ մեր տարածաշրջանում միջազգային հումանիտար իրավունքի պարբերական ոտնահարումներին, որոնց շարունակական թիրախն է դառնում, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:
Համաժողովը Կարմիր խաչի միջազգային շարժման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է եւ գումարվում է քառամյա պարբերականությամբ:




























