ՕԵԿ-ին մեղադրել  դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ տեղամասերում ընտրախախտումներ թույլ տալու մեջ, զրպարտություն է եւ քրեորեն հետապնդելի: NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այն մեկնաբանություններին, որ  ՕԵԿ-ը  ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ միասին  ընտրատեղամասերում աչք է փակել ընտրախախտումների վրա:

«Փառք ու պատիվ ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամներին մարդավարի, նամուսով թասիբով տեր կանգնեցին ժողովրդի դիրքորոշմանը:  Գլուխը քարն են տվել,  որ էդպես  են ասում, թող գնան հլը գյումրեցիների մոտ ասեն, ես Գյումրիում  եմ եղել, գիտեմ»:

Հարցին, թե  եթե  պայքարել են տեղամասերում, քանի՞ բողոք են արձանագրել եւ ներկայացրել ԿԸՀ  եւ որքանով են հետեւողական լինելու, որ քրեական գործեր հարուցվեն, պատժվեն մեղավորները, Մարգարյանը պատասխանեց.

 «Եղել են դեպքեր, մենք էլ արձանագրել ենք ու տվել պատկան մարմիններին, համապատասխան գրանցամատյաններում մեր ներկայացուցիչը արձանագրել է հատուկ կարծիք, բայց հիմնականում մենք այնքան հետեւողական ենք եղել, որ թույլ չտանք կեղծիք, իսկ որտեղ նկատվել է, արձանագրություն կազմվել է»:

Իսկ ՕԵԿ-ականների արձանագրություններում առկա՞ են լցոնման, կրկնակի քվեարկության դեպքեր, հարցին էլ արձագանքեց. «Մերոնք կոնկրետ չեն կազմել, որովհետեւ որտեղ որ եղել են մեր հանձնաժողովի ներկայացուցիչները, նման դեպք թույլ չեն տվել: Բավականին բարդ գործընթաց է ընտրական գործընթացը, եւ բավականին պարզորոշ խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ դրա վրա: Եթե մի մարդ եկել  ու տեսել է, որ իր տեղը ստորագրած է, դա հիմք է, որպեսզի էդ ամբողջ ընտրատեղամասի ցուցակներն ուսումնասիրվեն»: