Միջազգային հանրությունը պետք է ուրախ լինի, որ Հայաստանն ազգովի որոշում է կայացրել ավելի ժողովրդավարական, ավելի առաջադիմական քաղաքական համակարգ որդեգրելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն` անդրադառնալով հանրաքվեի խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական խմբի զեկույցին, որտեղ մտահոգիչ են համարվել արձանագրված խախտումները:
«Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթն անցավ ջախջախիչ մեծամասնությամբ եւ դա պատկերում էր նաեւ հասարակական տրամադրությունները: Այլ հարց է, որ մարդիկ դեմ արտահայտվեցին ինչ-ինչ պատճառաբանություններով»,-ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` հանրաքվեի խախտումների վերաբերյալ արձանագրությունների հարցում պատկան մարմինները պետք է հետամուտ լինեն ու պատժվեն մեղավորները:
Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ, դրանք կատարվել են տեղամասերում ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից, որն արձանագրել են ընդդիմադիր ներկայացուցիչները, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ուրեմն պետք է պատժվեն արջի ծառայություն մատուցողները»:
Հարցին, թե ինչն է ստիպում ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի օգտին աշխատող ներկայացուցիչներն «արջի ծառայություն» մատուցել իշխանություններին, հորդորեց այդ հարցն ուղղել ՀՀԿ շտաբի ներկայացուցիչներին:
«Ես չեմ կարող նրանց փոխարեն մտածել: Իմ շրջապատում չկան արջի ծառայություն մատուցողներ: Այդ հարցը շտաբի ներկայացուցիչներին պետք է տալ` այդ ում են ընտրել տեղամասերում, որոնք արջի ծառայություն են որոշել մատուցել եւ ինչու»:
Լեւոն Մարտիրոսյանը վստահ է, որ եթե «արջի ծառայության» ինստիտուտն էլ չգործեր, «Այո»-ն միեւնույն է կհաղթեր:




























