Ուրբաթ օրերին վաճառվող տոմսերի միջին արժեքը 13 տոկոսով ավելի թանկ է լինում շաբաթվա մյուս օրերին վաճառվող տոմսերի գներից։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Expedia եւ Airlines Reporting Corp. ընկերությունների անցկացրած հետազոտությունը։
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հանգստյան օրերից առաջ տոմսերի գները բարձրանում են՝ իրենց գագաթնակետին հասնելով ուրբաթ։ Դրա հնարավոր պատճառներից մեկը մարդկանց շրջանում պահանջարկի աճն է։ Նրանք տոմսեր են փնտրում հենց այդ օրերին, փոխանցում է Gazeta-ն։
Երկրորդ պատճառը, որը նշում են հետազոտողները, ընկերությունների վարած քաղաքականությունն է։ Նրանք թարմացնում են գները շաբաթվա վերջում՝ գները բարձրացնելով հենց ուրբաթ օրը, որպեսզի հետեւեն մրցակիցների արձագանքին։
Ընդ որում, տոմս գնելու լավագույն օրը երեքշաբթին է։ Հետազոտողները դա բացատրում են այն հանգամանքով, որ հանգստյան օրերին ավիաընկերությունները խաղում են գների հետ, երկուշաբթի ստուգում են հաշվետվությունները եւ որոշում են կայացնում զեղչով վաճառել այն տոմսերը, որոնք չեն վաճառվել։




























