Քարանձավների ամերիկացի հետազոտող Բիլլ Սթոունը հայտնել է, որ մեքսիկական Օահակա նահանգում գտնվող Չեւե քարանձավների համակարգն աշխարհում ամենախորն է: 2017-ին գիտարշավ կկազմակերպվի, որի ընթացքում գիտնականները կչափեն քարանձավի խորությունը եւ կհաստատեն այդ հայտարարությունը, տեղեկացնում է New Scientist-ը: Դրան 60-ից 70 քարանձավագետ կմասնակցի:
Այն ենթադրությունը, թե Չեւեն աշխարհի ամենախորը քարանձավն է, հիմնված է հետազոտողների` 1990-ին իրականացված գիտափորձի վրա: Այն ժամանակ քարանձավագետները քարանձավի ջրի մեջ յոթ կիլոգրամ ներկ էին լցրել: Որոշ ժամանակ անց կանաչ ներկված ջուրը, 2,5 կմ տարածություն հաղթահարելով, հայտնվել էր հարեւանությամբ գտնվող Սանտո-Դոմինգո գետում, գրում է Lenta-ն: http://lenta.ru/
Նշվում է, որ Չեւե թունելների մակերեսը երկու անգամ ավելի մեծ է Մանհեթընից եւ մոտ 175 քառակուսի կմ է կազմում: Նման քարանձավները կարստային ջրատար հորիզոնների կարեւոր տարր են հանդիսանում, որոնք ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդկանց խմելի ջրով են ապահովում: Բացի այդ, նման քարանձավներում գիտնականները հաճախ հայտնաբերում են լավ պահպանված քարացածություններ, ինչպես նաեւ օգտակար հանածոների հանքավայրեր: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե երկրագունդն ինչպես է փոխվել դարերի ընթացքում:
Բացի այդ, քարանձավագետներին առաջնորդում է հետաքրքրասիրությունն ու անհայտի ձգտումը: «Իհարկե, աշխարհում դեռ կան չնվաճված լեռնագագաթներ, բայց մինչեւ բարձրանալը, կարելի է Google Earth-ով նայել դրանք: Կարելի է իջնել օվկիանոս եւ հետո, սոնարների օգնությամբ դա արդեն քարտեզագրել են եւ այնտեղ գիտարշավներն էլ շատ թանկ արժեն: Քարանձավներում կարելի է բացահայտել անհայտը նույնիսկ շատ համեստ բյուջեով», — նշել է քարանձավագետ Զեբ Լիլլին:
Այժմ աշխարհի ամենախորը քարանձավ է համարվում «Վորոնյա-Կրուբերան», որը գտնվում է Աբխազիայում` Արաբիկա լեռնազանգվածի Գագարինյան լեռնաշղթայում: Դրա խորությունը կազմում է 2199 մետր:




























