Տաջիկստանի խորհրդարանը հաստատել է «Խաղաղության ու միասնության հիմնադրի եւ երկրի առաջնորդի մասին» նոր օրինագիծը, որը գործող նախագահ էմոմալի Ռահմոնին պաշտոնապես հռչակել է երկրի ցմահ առաջնորդ։

Օրենքը բաղկացած է 16 հոդվածից, որոնք կարգավորում են գործող նախագահի կարգավիճակն այն բանից հետո, երբ նա վայր դնի պետության ղեկավարի լիազորություները։ Փաստաթուղթը մասնավորապես երաշխավորում է Ռահմոնի անձեռնմխելիությունը եւ օրենսդրությամբ նրան ցմահ թոշակ ստանալու, տրանսպորտի, բնակարանի, ապահովագրության եւ ժողովրդի հետ ցանկացած պահի շփվելու իրավունք է ամրագրում։

Ի թիվս այլ իրավունքների՝ փաստաթուղթը կարգավորում է ազգի առաջնորդի նկատմամբ հարգանք ցուցաբերելու կարգը եւ պատասխանատվություն է սահմանում անպատշաճ վերաբերմունքի համար, հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Օրենքով նախատեսվում է Տաջիկստանում Էմոմալի Ռահմոնի կյանքին նվիրված գրադարաններ եւ թանգարաններ բացել, որպեսզի ապագայում երիտասարդ սերունդը կարողանա ուսումնասիրել «ազգի փրկչի» կյանքը։

Նոր օրենքի ընդունման օգտին քվեարկել է Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի 63 պատգամավոր։

Պատգամավորները վստահեցնում են, որ Ռահմոնն իրավամբ է ազգի առաջնորդ հայտարարվել «փրկչի պատմական առաքելության կատարման եւ ժողովրդի առջեւ մեծ արժանիքների համար»։