Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը դեկտեմբերի 11-ին հյուրընկալեց KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) եւ «Ֆիխտներ» ընկերության պատվիրակությանը՝ բանկի էներգետիկայի եւ տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Յան Բլումի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը եւ KfW բանկին՝ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքի եւ ժամկետների հետ կապված հարցերը։ Կողմերը միմյանց շնորհավորեցին ծրագրի իրականացման երկրորդ փուլի վարկային համաձայնագրի ստորագրման առիթով, որի շրջանակներում KfW բանկը Հայաստանին կհատկացնի 83 մլն եվրո։ Դա հնարավորություն կտա միաժամանակ մեկնարկել գծի կառուցման երկու փուլերի աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2018թ. ընթացքում։ 

Ընդգծելով ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում՝ Ե. Զախարյանը կարեւորեց աշխատանքների ժամանակին իրականացումը։  Կողմերը պայմանավորվեցին ամեն ինչ անել սահմանված ժամանակացույցով՝ նախատեսված ժամկետներում օդային գծի եւ ենթակայանների կառուցումն ավարտելու համար։