Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»  կուսակցության ստեղծման 125-ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի հարյուրից ավելի մասնակիցները շարժվում են դեպի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսություն:

«ՀՅԴ-ն այն առանձնահատուկ կուսակցություններից է, որի կենսագրությունը հնարավոր չի բաժանել հայ ազգի կենսագրությունից: Դա շատ պարտավորեցնող է, թե ուրախություններ ենք ունեցել, կիսել ենք ժողովրդի հետ, կորուստներ ենք ունեցել, բայց ձախողումներ կուսակցությունը չի ունեցել: Դաշնակցության դեմ ցանկացած հալածանք մեր ժողովրդի դեմ է ուղղված, մենք համարում ենք, որ ժողովրդից ծնված կուսակցություն ենք, մեր ժողովրդի հետ պիտի լինենք եւ պատասխանատվության մեծ զգացում ունենանք մեր պատմության առաջ»,- Հանրապետության հրապարակում նախքան երթի մեկնարկը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: 

Նրա խոսքով` վաղ առավոտից սկսել են տոնել կուսակցության տոնը, տարբեր միջոցառումներ են ունեցել: