Ռուսաստանը չի համաձայնի Սիրիայի մասնատման սխեմաների: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 

Սիրիայի ապագան պիտի որոշեն իրենք` սիրիացիները, համարում է ռուսաստանցի նախարարը: 

«Իհարկե, ահաբեկչության դեմ պայքարը պիտի ուղեկցվի քաղաքական կարգավորման ջանքերով, - ասել է Լավրովը: Ռուսաստանն ի սկզբանե ակտիվ ջանքեր էր գործադրում սիրիական ճգնաժամի բանակցային լուծման համար»:

«Տվյալ սկզբունքներն արտացոլված են 2012-ի հունիսի  30-ի ժնեւյան կոմյունիկեում, ամրագրված են ՄԱԿ ԱԽ-ի որոշումներում եւ Վիեննայի երկու հանդիպումների ամփոփիչ փաստաթղթերում,-շարունակել է նա:  Մենք հանդես ենք գալիս Սիրիայի անկախության եւ միասնության, պետության աշխարհիկ բնույթի օգտին, որում բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերը հավասար իրավունքներ եւ հնարավորություններ կունենան», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հաջողության բանալին Ժնեւյան կոմյունիկեի եւ Վիեննայի պայմանավորվածությունների սկզբունքներին անառարկելիորեն հետեւելն է. Սիրիայի ապագան պիտի որոշեն իրենք` սիրիացիները», - ընդգծել է նախարարը:

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է երկու խնդրի մասին` կառավարության հետ բանակցությունների համար սիրիական ընդդիմության ներկայացուցչական պատվիրակության կազմման եւ այն ահաբեկչական խմբերի ցուցակների կազմման, որոնց վրա չի տարածվի հրադադարը եւ որոնք չեն ներգրավվի քաղաքական գործընթացում: