Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ԿՀԸ շենքին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մոսկովյան պուրակի մուտքը կրկին փակ է, ոստիկանները մի քանի շարք պատ կազմած կանգնել են մուտքին մոտ:
Երթի կազմակերպիչները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրեցին թույլ տալ մոտենալ շենքին, սակայն նա մերժեց խնդրանքը:
«Դուք դեկտեմբերի 1-ից խախտել եք օրենքները, երբեք երթ չեք իրականացրել այն երթուղիով, որ ներկայացրել եք լիազոր մարմին եւ երաշխիք չկա, որ, դուք, անցնելով ԿԸՀ-ի դիմաց, չգիտեմ ինչեր չեք անի»,- ասաց Վալերի Օսիպյանը՝ նշելով,ո ր 11 օրվա ընթացքում ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորել:
Երթի մասնակիցները այլեւս չփորձեցին մոտենալ շենքին, մի քանի ելույթով ԿԸՀ-ին հիշեցրին իրենց պահանջը եւ շարունակեցին երթը՝ դեպի Ազատության հրապարակ:




























