Վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգը, որն առաջարկվում է արդարադատության նախարարության մշակած օրինագծում, տարածվում է բոլոր վարորդների վրա այն դեպքում, եթե նրանք տուգանվել են կատարած խախտման համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Երկու ծայրահեղություն ունենք. անձ, որը գույք չունի, չի վճարում տուգանքները ու իր համար տարբերություն չկա՝ ինչքան է տուգանվում, եւ մյուս դեպքում կան վարորդներ, որ մուծում են տուգանքները եւ կարիք չունեն կարգապահություն պահելու: Բալային համակարգով լուծվում է եւ սահմանված կարգով վճարելու խնդիրը, եւ կարգապահ վարելու»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ 5000 դրամ տուգանվելու դեպքում վարորդի հաշվին 10 բալ է կուտակվում: 600 բալից ավելիի դեպքում վարորդը զրկվում է վարորդական իրավունքից: Միեւնույն ժամանակ՝ նա հնարավորություն ունի նվազեցնելու բալերը՝ տուգանքները վճարելով: Իսկ եթե խախտումից հետո երեք ամսվա ընթացքում այլեւս խախտում չի անում, բալերը զրոյանում են: Բալերը զրոյանում են նաեւ յուրաքանչյուր հաջորդ տարվա սկզբում, եթե բալերը չեն գերազանցում 600-ը կամ հենց 600 են:




























