Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կուրսանտ Կարեն Բաղրամյանը որեւիցե կապ չունի: NEWS.am-ի հետ զրույցում Հայկազի մարմնի տարբեր մասերին հարվածներ  հասցնելու մեջ մեղադրվող Կարեն Բաղրամյանի փաստաբանը՝ Հռիփսիմե Սիրեկանյանը նշեց, որ համացանցում տարածված լուրերը, թե Կարեն Բաղրամյանը ձերբակալված է, ոչ մի կապ չունեն իրականության հետ՝ Կարենն այս պահին ծառայության մեջ է:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշել էր՝ կուրսանտ Կարեն Բաղրամյանը, որը մեղադրվում է Հայկազի մարմնի տարբեր մասերին հարվածներ  հասցնելու մեջ, կապ չունի նրա սպանության հետ, նրանց միջեւ ընդամենը թեթեւ վիճաբանություն է եղել:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, կուրսանտ Կարեն Բաղրամյանը հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմանում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ՝ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, Կարենը բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

18-ամյա Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը քննվում է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործն արդեն դատարանում է, սակայն այն արդեն երեք անգամ հետաձգվում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: