Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ առաջարկող երեւանյան կազմակերպությունների մեծ մասում բոլոր տեղերն համարյա զբաղված են: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի ծառայություններ առաջարկող կազմակերպությունների ներկայացուցինչները նշեցին, որ դեռ դեկտեմբերի սկզբից քաղաքացիներն սկսել են ամրագրել ժամերը, որպեսզի Ամանորի գիշերը եւ այլ օրեր Ձմեռ պապն ու Ձյունանուշն այցելեն իրենց տուն կամ ռեստորան:
Մեզ հետ զրույցում կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ նախատոնական օրերին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայության մեկ ժամն արժե 10-20 հազար դրամ, իսկ Ամանորի գիշերը` մինչեւ 60 հազար դրամ:
Ձմեռ պապերն ու Ձյունանուշերը Ամանորի գիշերը հիմնականում ռեստորաններում են աշխատում, իսկ մնացած օրերին նրանք այցելում են տներ` երեխաներին ուրախացնելու: Ձմեռ պապը եւ Ձյունանուշը ժամանում են պատվիրատուի տուն` մեկ ժամվա ընթացքում ներկայացնում ծրագրով նախատեսված խաղերը, նվերներ են տալիս երեխաներին, պարում, երգում են երեխաների հետ:
Կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ շատ հաճախ պատվիրատուն միայն Ձմեռ պապին է հրավիրում տուն, որը նախատոնական օրերին եւ հունվարի ամսին արժենում է 5000- 10.000 դրամ, իսկ Ամանորի գիշերը 30. 000 դրամ:




























