ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա ձերբակալված, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միրիջանյանի փաստաբան Ռաֆայել  Ամիրխանյանը հայտնեց, որ բողոքարկել են կալանքի որոշումը:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի որոշում էր կայացրել մեղադրանք առաջադրել Զավեն Միրիջանյանին, իսկ խափանման միջոց էլ ընտրել էր կալանավորումը: Ըստ փաստաբանի, սակայն, Միրիջանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ եւ չի կարող մնալ կալանքի տակ:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ բավարար հիմքեր:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: