Միգրացիոն ճգնաժամը կանգնեցնելու իր ջանքերում ԵՄ-ն պատրաստ է մոռանալ իր արժեքները եւ աչք փակել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վրա, գրում է  The National Interest ամսագիրը:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Եվրոպան համաձայնել է Թուրքիային  «առատաձեռն փաթեթ» տրամադրել, որի  մեջ մտնում է 3 մլրդ եվրո, սահմանափակումների մեղմացում եւ ԵՄ-ին երկրի անդամակցության արագացված բանակցություններ: Փոխարենը Թուրքիան պիտի օգնի կանգնեցնել Սիրիայից փախստականների հոսքը:  

Նշվում է, որ ամենամեծ գումարը` 534 մլն եվրո, ստիպված կլինի վճարել Գերմանիան: Մեծ Բրիտանիան ստիպված կլինի վճարել   410 մլն եվրո, իսկ Ֆրանսիան` 386 մ;ն եվրո: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ նման նախաձեռնության դեմ են հանդես եկել`  բացատրելով, որ իրենք պատրաստ չեն նման բարձր խաղադրույք կատարել երկրի վրա, որը նույնիսկ ԵՄ-ի անդամ չէ, գրում է  Gazeta-ն:

Պարբերականը «կեղծավոր» է անվանում Եվրոպայի դիրքորոշումը, որը վերջին ահաբեկչական գործողություններից հետո իրեն ահաբեկչությունից պաշտպանելու սուր անհրաժեշտություն է զգում: Վերլուծաբան Ֆադի Հակուրան ընդգծում է, որ Եվրոպան տեղյակ է, որ ԵՄ-ի մաս դառնալու Թուրքիայի ցանկությունը թելադրված է տնտեսական գործոններով, ոչ թե երկրում ժողովրդավարություն զարգացնելու ցանկությամբ: Այնուամենայնիվ, Եվրոպան անտեսում է այդ փաստը եւ նույնիսկ ջանում է ուշադրություն չդարձնել այն տեղեկությանը, որ Անկարան զենք է մատակարարում Սիրիայի ջիհադիստներին: 

ԵԽ-ի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է, որ ներկայումս միավորումը  «այլ ելք չունի», իսկ հոդվածի հեղինակն ընդգծում է, որ եվրոպական երկրները միավորվում են երկրի հետ, որն ինչպես մշակութային, այնպես էլ պատմական պլանում քիչ ընդհանուր բան ունի Եվրոպայի հետ: