ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ պայքարի լավագույն զենքը ծիծաղն է, ոչ թե նրա մուտքը Մեծ Բրիտանիա արգելելը, համարում է   The Guardian թերթի սյունակագիրը:

Նա նշում է, որ բրիտանացիներն ի վիճակի չեն անտեսել քաղաքական գործչի գործողությունները, որովհետեւ դրանք միաժամանակ «զվարճալի եւ նողկալի են»: Միաժամանակ Թրամփը չի փորձում հանդես գալ չարագործի դերում, ընդամենն ուզում է ժողովրդականություն ձեռք բերել: Երբ խոսում է այն մասին, որ մեքսիկացիները բռնաբարողներ են կամ էլ` պետք է արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ, նա չի ձգտում որեւէ բանավեճ խթանել: Նա այդպես է խոսում, որովհետեւ կարծում է, որ շատերը կհամաձայնեն իր հետ, ընդգծում է հոդվածի հեղինակը, գրում է   Gazeta-ն:

Բրիտանացի եւ ամերիկացի քաղաքական գործիչները վրդովված են Թրամփի հաջողությունից, որովհետեւ նրա կարծիքները հակասում են «ժամանակակից քաղաքական ուղղափառությանը»: Պարբերականի կարծիքով, հանրապետականի դեմ նրանց պայքարն այդ մարդկանց որպես «վրդովված եւ թույլ» է ներկայացնում: Այդ պատճառով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջնորդները պիտի պակաս ուշադրություն հատկացնեն Թրամփին եւ նրան հեգնանքով վերաբերվեն, չէ՞ որ նա ընդամենը  «մարդ է, ում հռետորաբանությունը հիմնված է ուժի եւ մեծապետության վերականգնման կեղծ հասկացությունների վրա»:

Նշվում է, որ երկար տարիներ Թրամփը կատակերգական կերպար է եղել եւ ամենավտանգավոր բանը, որ այժմ ԱՄՆ-ը եւ Եվրոպան կարող են անել, նրան լուրջ ընդունելն է: