Երեւանի «Մարգարյան» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 1-ին մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը համաձայն չէ ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը նշեց, որ եզրակացությունում հստակ ոչինչ նշված չէ:

«Մի շարք բացեր կան, հստակ ոչինչ նշված չէ: Մենք միջնորդել ենք, որ հարցաքննվի դատաբժիշկը, սակայն դեռեւս մեր միջնորդության պատասխանը չենք ստացել»,- ասաց փաստաբանը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով: Արդեն նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, սակայն օրը դեռեւս հայտնի չէ:

Ավելի վաղ 3 երեխայի մայր Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:

«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: