Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, սակայն վիճակը կայունացել է: Առաջիկա օրերին արդեն հիվանդասենյակ կտեղափոխենք»,- ասաց հոսպիտալի պետը:

Վարազդատ Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին է տեղափոխվել հոսպիտալ: Մինչեւ այդ զինծառայողը բուժում էր ստանում Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում, քանի որ նեղ մասնագիտական բուժում ստանալու կարիք ուներ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան: