Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ժամանակավրեպ էին եւ բերելու են բազում անցանկալի հետեւանքների: Այս մասին հյտարարություն է տարածել «Նոր ժամանակներ» կուսակցությունն իր 8-րդ համագումարում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին «Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերլուծելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ողջ գործընթացը, փաստում է.
«ա/ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ի ցույց դրեց իշխող վարչախմբի հավերժ կառավարելու ցանկությունը,
բ/ Նոր Սահմանադրությունը իրականում չի լուծում Հայաստանի առաջ ծառացած բարդագույն խնդիրները,
գ/ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը լիովին կորցրել է վստահությունը իշխանության մարմինների կողմից առաջ քաշվող, ծրագրերի, գաղափարների, կամ կատարվող քայլերի նկատմամբ,
դ/ Հանրաքվեն անցել է բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով եւ ընտրակեղծիքներով:
Ելնելով վերոգրյալից ՆԺԿ 8-րդ համագումարը հայտարարում է.
ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չդարձավ ազգային միասնության գործընթաց, այն չավելացրեց վստահությունը իշխող վարչախմբի նկատմամբ, այլ նոր բաժանարար գծեր բերեց հասարակության ներսում, որն էլ ավելի կարմատականացնի զարգացող ներքաղաքական պրոցեսները,
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ էին եւ բերելու են բազում անցանկալի հետեւանքների»:



























