Արջերին ես չեմ ճանաչում, արջերն ապրում են Լոռվա անտառներում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովում, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված, որ շատ ՀՀԿ-ականներ ընտրատեղամասերում կեղծիքներ իրականացնող ՀՀԿ-ականների գործողությունները որակեցին իբրեւ «արջի ծառայություն»:

«Այս ընտրություններից առաջ էլ է եղել նման ձեւակերպում, ուղղակի այս անգամ երեւի լրագրողական մեկնաբանություններում դրանք առաջնային բնույթ կրեցին: Արջերի վերջը կգա այն ժամանակ, երբ, գա չարի վերջը»,-ասաց Շարմազանովը: Հարցին, թե ինչո՞ւ է այդքան մեծ «արջի ծառայություն» մատուցողների քանակը, եւ ինչն է ստիպել այդ մարդկանց լծվել իշխանության օգտին կեղծիքների իրականացմանը, այն դեպքում՝, երբ սպառնում են, որ նրանց կպատժեն, Շարմազանովը պատասխանեց. «Բոլոր խախտումներով հանդերձ այս հանրաքվեի արդյունքները «այո» էին: Անհամեմատ «այո»-ն ավելի շատ է եղել, քան «ոչ»-ը: Այս հանրաքվեի արդյունքներն անվիճելի էին»: